Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանը
31 Հուլիսի 2026, 19:35
Այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնի է դարձել, որ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը զրպարտչական արտահայտություններ էր թույլ տվել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, սակայն դատարանն դրանք որակել է որպես գնահատողական դատողություն։
Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ խնդրելով գնահատական տալ դատարանի վճռին։
«Առաջին ատյանի դատարանը, մերժելով ՀՀ երկրորդ նախագահի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը, այլ դրանք համարել է Փաշինյանի սուբյեկտիվ գնահատողական դատողությունները։
Սակայն, հիրավի, մտահոգիչ է դատարանի այն մոտեցումը, ըստ որի՝ այդ արտահայտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով, որ դրանք հնչեցվել են ոչ թե որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Կառավարության նիստում։ Ստացվում է՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան լայն են անձի վերաբերյալ ամենածանր գնահատականներ հնչեցնելու սահմանները։
Դատարանի տրամաբանությունից բխում է, որ կարելի է նույն կերպ Նիկոլ Փաշինյանի հասցեին ևս հնչեցնել առերևույթ զրպարտչական արտահայտություններ՝ պայմանով, որ դրանք հնչեցնողը նույնպես քաղաքական գործիչ լինի․ այդ դեպքում դատարանը դա ևս կգնահատի որպես քաղաքական գործչի գնահատողական դատողություն։
Մնում է հասկանալ՝ վճիռը կայացրած դատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» և «կաշառակեր դատավորներ» արտահայտություններից որոնք է նույնպես համարում գնահատողական դատողություն»,- նշել է Բագրատ Միկոյանը։