«Ռոսատոմը» պատրաստ է մասնակցել «Նաիրիտ» գործարանի տարածքի վնասազերծմանը

05 Հոկտեմբերի 2026, 17:19

Քաղաքականություն

«Ռոսատոմը» պատրաստ է իր տեխնոլոգիական լուծումներն ու փորձը կիրառել Հայաստանում՝ «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքի վնասազերծման աշխատանքներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսատոմի» կազմում գործող ՖԷՕ-ից։

Ընկերության փոխանցմամբ՝ 2023 թվականին «Ռոսատոմի» կազմում ընդգրկված կազմակերպությունը, հայ գործընկերների խնդրանքով և սեփական միջոցների հաշվին, ուսումնասիրել է «Նաիրիտ» գործարանի տարածքը և իրականացրել այնտեղ կուտակված թափոնների գույքագրում։

Ուսումնասիրության արդյունքներով՝ հայկական կողմին ներկայացվել են համապատասխան տվյալները, ինչպես նաև տարածքում հետագա աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջարկություններ։

«Նաիրիտ» քիմիական գործարանի խնդիրների լուծմանն «Ռոսատոմի» հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից։ Ընկերությունում նշում են, որ գործարանի տարածքը բարդ արդյունաբերական օբյեկտ է, որտեղ տարիներ շարունակ կուտակվել են տարբեր քիմիական նյութեր և թափոններ։ Տարածքը գտնվում է նաև բնակելի հատվածների հարևանությամբ, ինչը խնդիրը դարձնում է առավել զգայուն և կարևոր։