«Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական ձեռնարկություններում ստուգումներն ավարտել է
28 Մայիսի 2026, 21:49
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ ավարտվել է անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում գործունեություն ծավալող հայկական ընկերություններում մայիսի 20-27-ը հայ և ռուս մասնագետների կողմից համատեղ իրականացված ստուգումների արդյունքների քննարկումը։
Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, ստուգումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։
«Իսկ մինչ այդ երկու երկրների սննդամթերքի անվտանգության ոլորտները վերահսկող կառույցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հետևողական իրականացնել սահմանային վերահսկողական միջոցառումները և հայ արտադրողների համար արտահանման մեծագույն հարթակներից մեկը համարվող ՌԴ շուկա արտահանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները բավարարող հայկական արտադրանք»,- ասված է հաղորդագրությունում։