«Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է ՀՀ-ից բուսական մթերքների մատակարարման խախտումների աճ
29 Նոյեմբերի 2023, 16:16
«Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ։
Ծառայության տվյալներով՝ այս տարի հայկական ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի մեջ վնասատուներ են հայտնաբերվել 72 դեպքով։
«Միևնույն ժամանակ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի ներկրման 36 դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Զեկույցի մեջ ասվում է, որ բացի այդ, նոյեմբերին հայտնաբերվել է լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու հինգ դեպք, ինչը կարող է վկայել հայ արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնների խախտման մասին։
«Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան։