Ռոստովի հայ համայնքի նվերը քաղաքին․ Ալեքսանդր Սկրյաբինը դիտել է Սարյանին նվիրված նոր մուրալը
08 Հոկտեմբերի 2026, 23:55
Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը Սարյանի փողոցում դիտել է Մարտիրոս Սարյանին նվիրված նոր մուրալը։ Մեծանուն նկարիչը ծնունդով Ռոստովից է։
Ստեղծագործության հեղինակը Աբխազիայի նկարիչ Գարիկ Ասլանյանն է։ Մուրալը ստեղծվել է Սարյանի «Պաննո. Հայաստան» (1964 թ.) տրիպտիխի մոտիվներով՝ «Միասնություն առանց սահմանների» նախագծի շրջանակում։
Սկրյաբինը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի «Նոր Նախիջևանի» հայկական համայնքին, ինչպես նաև քաղաքային դումայի պատգամավորներ Գևորգ Գրիգորյանին և Միխայիլ Դիրացույանին՝ քաղաքին այս նվերը մատուցելու համար։
Նա նաև ընդգծել է Միխայիլ Դիրացույանի անձնական մասնակցությունը հուշարձանի հարակից հենապատի վերանորոգման աշխատանքներին։