Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է «Կամուրջներ դեպի ապագա» նոր մրցանակը
25 Սեպտեմբերի 2026, 20:50
Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարել է «Կամուրջներ դեպի ապագա» նոր մրցանակի հիմնադրման մասին: Նախաձեռնության նպատակն է աջակցել բարեգործության, մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող հեռանկարային ծրագրերին:
Մրցանակաբաշխության հայտերի ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կտևի մինչև նոյեմբերի 27-ը: Հաղթող ճանաչված նախագծերը իրենց հետագա զարգացման և ընդլայնման համար կստանան մինչև 10 միլիոն ռուբլի նվիրատվություն:
Մրցանակի ժյուրիի նախագահ և խորհրդի ղեկավար Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ նախաձեռնության հիմնական առաքելությունն է սատարել այն անհատներին ու թիմերին, որոնք, ի հեճուկս մարտահրավերների, շարունակում են նորարարական գաղափարներ կյանքի կոչել:
«Մեզ համար առանցքային է գտնել նրանց, ովքեր տեսել են մյուս ափը և արդեն իսկ կամուրջ են կառուցում դեպի այն, ինչ նախկինում անհնար էր թվում»,- ընդգծել է Զոնաբենդը:
Ներկայացված հայտերը կգնահատի 45 փորձագետներից կազմված մասնագիտական ժյուրին: Մրցանակը սահմանված է հետևյալ երեք անվանակարգերում.
«Կամուրջ դեպի ապագա․ բարեգործություն»
«Կամուրջ դեպի ապագա․ կրթություն»
«Կամուրջ դեպի ապագա․ մշակույթ»