Ռուբիոյի հայտարարությունը մեսիջ է Սիրիայում իշխող խմբին․ Մովսես Ղազարյան
21 Մայիսի 2025, 21:45
Ռուսաստանցի քաղաքագետ և միջազգային մեկնաբան Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը Սիրիայում իշխող վարչակարգի հնարավոր մոտալուտ տապալման մասին։
«Ռուբիոյի հայտարարությունն այն մասին, որ Սիրիայի կառավարության ներկայացուցիչները չեն անցել ստուգումը, այսպես ասած, ամերիկյան կառավարության կողմից ընդունված նորմերի շրջանակներում, կոչված է ցույց տալու ամերիկյան կառավարության ազնվությունը, որն, իբր, չի աշխատում ահաբեկիչների հետ: Իսկ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Սիրիայի ներկայիս կառավարության շատ գործիչների կենսագրական բեքգրաունդը, մեղմ ասած, շատ կասկածելի է միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի տեսանկյունից։ Այսինքն, նրանք մարդիկ են, ովքեր, այնուամենայնիվ, ներգրավված են ահաբեկչական կառույցների գործունեության մեջ և ուղղակիորեն ահաբեկչական գործունեության մեջ:
Նման հայտարարությունները նպատակ ունեն ցույց տալ, որ իրենց համար կարևոր է լեգիտիմությունը, ընդ որում, Թրամփի վերջին շրջագայության շրջանակներում այդ պահերը նաև տարբեր փորձագետների կողմից նշվել են, թե, իբր, Թրամփը շրջում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը դեպի Մերձավոր Արևելք, այսինքն՝ նա կարծես պատրաստ է աշխատել բոլորի հետ։ Գլխավորն այն է, որ նրանք հավատարիմ լինեն նրան, բայց, այնուամենայնիվ, կան տեսանելի պահեր, երբ անհրաժեշտ է որոշակի ազնվություն ցուցաբերել»,-կարծում է Ղազարյանը:
Չնայած նրան, որ Սիրիայի գործող իշխանությունները լեգիտիմության հետ կապված խնդիրներ ունեն, Ռուբիոյի հայտարարություններով պաշտոնական Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել սիրիական իշխանությունների վրա՝ իր շահերից ելնելով, նշել է քաղաքագետը:
«Որպես կանոն, Վաշինգտոնը՝ մտնելով այս կամ այն երկրի հետ «գործընկերային» փոխգործակցության մեջ, փորձում է նրան որոշակի գիծ, որոշակի վարքագիծ պարտադրել, այդ թվում՝ դա կարող է վերաբերել ընդհանուր առմամբ արտաքին քաղաքական ոճաբանությանը, այսինքն՝ Վաշինգտոնն ինչ-որ բան է ուզում ստանալ սիրիացիներից այստեղ և հիմա։ Հավանաբար, օգտագործում է այն ասպեկտը, որ նրանց կենսագրության մեջ կան այնպիսի պահեր, որոնք, իբր, կարևոր են և պետք է զբաղվել դրանով:
Այսինքն՝ Վաշինգտոնն ինչ-որ չափով ուղղակի ճնշում է գործադրում ոչ թե կառավարության անհատական կազմի, այլ այն մարդկանց վրա, ովքեր որոշումներ են կայացնում։ Այսինքն՝ կարծես ճնշում է գործադրվում նրանց վրա, հարցականի տակ է դրվում նրանց լեգիտիմությունը: Սա փաստացի ակնարկ է, որ նրանց լեգիտիմությունը կախված է Վաշինգտոնի ընդունումից, որը, իբր, կապահովի նրանց լեգիտիմությունը: Նշում են ոչ թե այն փաստը, որ նրանք ընտրված են կամ ընտրված չեն, իշխանության են եկել ինչ-որ ժողովրդական հեղափոխության արդյունքում, այլ այն, թե որքանով կարող են գոհացնել իրենց: Սա ավելի շուտ մեսիջ է Սիրիայի իշխող խմբին, որ նա պետք է փորձի լուծել իր լեգիտիմության հետ կապված խնդիրները։ Հնարավոր է՝ խոսքն ընտրությունների, ինչ-որ իրավական ընթացակարգերի կամ այդ ընթացակարգերի ակտիվացման մասին է, այսինքն՝ դա ամերիկյան ղեկավարության ոճով է այս կամ այն կառավարությանն ասել, թե ինչ պետք է անի, ինչ օրենքներ ընդունի, ինչ սահմանադրություն հաստատի կամ չհաստատի, ինչ իրավական նորմեր մտցնի կամ չեղարկի»,-եզրափակել է փորձագետը: