Ռումինիան Ցեղասպանությունը չի ճանաչում՝ Թուրքիայի հետ տնտեսական կապերի պատճառով. Վարուժան Փամբուկչյան
09 Դեկտեմբերի 2024, 19:30
Ռումինիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, որովհետև Թուրքիայի հետ տնտեսական կապեր ունի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:
«Հայոց ցեղասպանության փաստը մինչև հիմա ընդունել է միայն Ռումինիայի նախագահը, բայց գիտեք՝ երկիրը ընդունում է ինչ-որ բան, երբ խորհրդարանն է ասում՝ այո: Ռումինիան, որպես պետություն, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փորձում ենք ամեն տարի այնպես անել, որ ճանաչեն: Դա դժվար է, որովհետև խորհրդարանի մեծամասնությունն ասում է՝ մենք տնտեսական կապեր ունենք Թուրքիայի հետ, չենք ուզում, որ նրանք ասեն՝ ինչու հայերի Ցեղասանությունը ընդունեցիք: Եկեք ճիշտը խոսենք»,- ասել է մեր զրուցակիցը:
Փամբուկչյանը կիսվել է նաև իր երազանքով՝ Հայաստանը մնա այնպիսին, ինչպիսին մենք գիտենք:
«Երբ Հայաստան եկա, մեկը հարցրեց ինձ՝ ինչն է ամենից շատ քեզ տպավորել Հայաստանում: Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ շուրջբոլորս հայերեն են խոսում: Սա հայի համար հրաշք է, քանի որ այստեղ՝ Ռումինիայում, դժվար ես գտնում մեկին, որ հայերեն է խոսում:
Հույս ունեմ, որ Հայաստանը կդիմանա ու կմնա այնպիսին, ինչպիսին մենք գիտենք: Հույսով եմ, որ սա կլինի: Դժվար է, երբ կողքդ Ադրբեջանն ու Թուրքիան են»,- եզրափակել է Վարուժան Փամբուկչյանը: