Մոտ ժամանակներս ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերություններում էական բարելավում չի սպասվում. Ելենա Զինովևա
10 Հոկտեմբերի 2026, 12:30
Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) համաշխարհային քաղաքական գործընթացների ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Ելենա Զինովևան Alpha News-ին մեկնաբանել է ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները, Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերություններում ստեղծված իրավիճակը։ Մեկնաբանությունը նա տվել է Համալիր եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի 20-ամյակին նվիրված «Ռուսաստանը և նոր բազմաբևեռ աշխարհակարգը․ գաղափարից դեպի իրականություն» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։
Խոսելով ռուս-եվրոպական հարաբերությունների մասին՝ փորձագետը նշել է, որ դրանց բարելավման էական հեռանկարներ առայժմ չեն երևում։ Այդուհանդերձ, Եվրոպայում աջակողմյան կուսակցությունների ազդեցության աճը կարող է հանգեցնել արտաքին քաղաքական կուրսի որոշակի փոփոխությունների։
«Մի կողմից՝ բանակցային գործընթաց է ընթանում, և այս առումով հռետորաբանության զգալի մասն այդ բանակցային գործընթացի հանրային կապերի ապահովման ընդհանուր քաղաքականության մի մասն է։ Ինչ վերաբերում է ռուս-եվրոպական հարաբերություններին, ապա այստեղ կարծես թե բարելավման էական հեռանկարներ չեն նշմարվում։ Սակայն, մյուս կողմից, աջակողմյան կուսակցությունների ազդեցության աճը հիմքեր է տալիս հուսալու, որ Եվրոպայի արտաքին քաղաքական կուրսը որոշակիորեն կփոխվի։
Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, ապա ընդհանուր առմամբ, Թրամփի օրոք որոշակի ջերմացում է տեղի ունեցել։ Սակայն ազգային շահերի ոլորտում էական տարաձայնությունները, այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում, հիմք չեն տալիս ակնկալելու, որ մոտ ապագայում էական և նկատելի շրջադարձ կլինի ո՛չ ռուս-ամերիկյան, ո՛չ էլ ռուս-եվրոպական հարաբերություններում»,- ասել է Զինովևան։