Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ բարդություններ կան. Ալեքսանդր Ասաֆով
30 Հունիսի 2025, 21:15
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը Alpha News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը, որը կապված է Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության մեջ կասկածվողների նկատմամբ իրավապահների գործողությունների հետ:
«Եկեք, այնուամենայնիվ, օբյեկտիվ լինենք և հիշենք, որ ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունները, այսպես թե այնպես, իրենց ինքնիշխանությունը և դրա ամրապնդումը տեսնում են Ռուսաստանից հեռանալու մեջ։ Դա անում են բոլորը՝ առանց բացառության։ Հարցը միայն տոնայնության, սխալների կամ վերապահումների աստիճանի մեջ է։ Եթե մենք անդրադառնանք մի շարք արտահայտությունների, որոնք հնչեցրել են վրացի լրագրողները մի քանի տարի առաջ, ինչպես նաև հիշենք Ղազախստանի վարչակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, օրինակ՝ լեզվի վերաբերյալ, ապա կտեսնենք, որ մշակութային ոլորտում բազմաթիվ հարցադրումներ կան։ Այդ հայտարարությունները դուրս էին բոլոր սահմաններից, և այս իմաստով, ցավոք, մարդիկ կարծում են, որ դրանով նրանք ամրապնդում են իրենց ինքնիշխանությունը։ Դա, անշուշտ, սխալ է, բայց, այնուամենայնիվ, այդ սխալն ամեն անգամ կրկնվում է:
Հիմա անդրադառնանք ներկայիս իրավիճակին։ Իրականում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ բարդություններ կան, որոնք քննարկվում են։ Կան բարդություններ, որոնք չեն քննարկվում։ Եվ այստեղ, իհարկե, ռուսական կողմը ավելի գոհ կլիներ Բաքվի դիրքորոշումից, եթե նա ոչ միայն նման իրավիճակներում արտահայտվեր, այլև այն իրավիճակներում, երբ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ադրբեջանի քաղաքացիները կատարում էին այս կամ այն տհաճ արարքները, իսկ դրանք բավական շատ են, հավատացեք։ Ես հիմա կարող եմ սկսել թվարկել, այդ իրավիճակները տասնյակից ավելի են: Պաշտոնական Բաքուն պետք է մշակույթի նախարարության կամ ԱԳՆ-ի անունից հանդես գար որևէ դատապարտմամբ և հորդորով՝ իր հայրենակիցների և այս կամ այն ձևով սփյուռքի հետ կապված մարդկանց նկատմամբ, բայց մենք դա չենք տեսնում։ Մենք տեսնում ենք ընտրողականություն, ընդ որում, տրված են բավականին մանրամասն մեկնաբանություններ այդ դրվագի վերաբերյալ, երբ մարդը սպանվել է ամբոխի կողմից:
Ուստի բավականին բարդ գործողություններ եղան՝ կապված մեղավորների, կասկածյալների որոնման հետ և այլն: Եվ հիմա արձագանքն օգտագործվում է որպես պատրվակ, այլ ոչ թե պատճառ։ Եվ, իհարկե, մշակութային միջոցառումներն այստեղ կապ չունեն, բայց կրկին, եթե մենք հիշենք սկզբնական պատճառը, այն, որ ամրապնդվում է իր ինքնիշխանությունը՝ ինչ-որ կերպ հեռանալով Ռուսաստանից»,- ասում է Ասաֆովը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները ճիշտ են գործել, իսկ ադրբեջանական կողմը ոչ օբյեկտիվ գնահատական է տվել իրավիճակին:
«Ինչ վերաբերում է ուժայինների գործողություններին, ապա նրանք բացարձակապես գործում են օրենքի շրջանակներում, և բոլոր անհրաժեշտ մեկնաբանությունները տրվել են ինչպես Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչների, այնպես էլ հենց ուժայինների կողմից։ Արդյոք այս իրադարձությունն հետևանքներ ունի։ Հավանաբար ունի։ Հարցն այն է, թե որքանով կտեսնենք բողոքի նման նոտաներ, հայտարարություններ, միջոցառումների չեղարկման փորձեր այլ դրվագներում կամ չենք տեսնի։ Իրավիճակը կարող է զարգանալ ինչպես մեկ, այնպես էլ մյուս ուղղությամբ։ Այս համատեքստում, իհարկե, այն անվերապահ պատրաստակամությունը՝ պաշտպանել նրանց, ում կարելի է անվանել «իրենը», թեև նրանք քաղաքացիությամբ այլևս իրենցը չեն համարվում, պատիվ չի բերում պաշտոնական Բաքվին»,- ընդգծել է փորձագետը։
Ամփոփելով՝ Alpha News-ի զրուցակիցը վստահություն է հայտնել, որ նմանատիպ իրավիճակները կկրկնվեն։
«Նմանատիպ դեպքերն անպայման կկրկնվեն, որովհետև մարդիկ այնպիսի արարածներ են, որ քիչ բան են սովորում։ Եվ այստեղ մենք չենք կարող պատասխանատվություն կրել ողջ մարդկության համար, որը կազմում է 8 միլիարդ։ Եվ եթե նման իրավիճակ է տեղի ունեցել, մեծ է հավանականությունը, որ այն կկրկնվի։ Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը։ Կրկին հիմնվում ենք առանցքային նպատակների և խնդիրների վրա։ Եվ այստեղ, իհարկե, նպատակ չկա խզել հարաբերությունները նրանց հետ, ում հետ այդ հարաբերությունները շարունակվում են տասնամյակներ շարունակ և, ակնհայտորեն, կշարունակվեն։ Հարցը ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին է։ Բայց այս հայտարարությունների և գործողությունների վերաբերյալ, իհարկե, բոլոր եզրակացություններն արված են։ Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ համագործակցության հետագա ռազմավարությունը դա հաշվի կառնի»,- եզրափակել է Ասաֆովը։