Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են խորացնել դարերով ձևավորված կապերը․ ՌԴ ԱԳՆ

05 Հոկտեմբերի 2026, 11:20

Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել զարգացնել և խորացնել դարերի ընթացքում ձևավորված մարդասիրական կապերը։ Այս մասին РИА Новости-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Միներալնիե Վոդիի ներկայացուցիչ Սերգեյ Նյուպան։

«Ինչպիսին էլ լինի քաղաքական իրավիճակը, մեր երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են շարունակել կառուցել և խորացնել դարերով ձևավորված միջմարդկային կապերը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ռուս-հայկական համագործակցությունը շարունակում է զարգանալ նաև տարածաշրջանային կապերի մակարդակով։ Նյուպպան առանձնացրել է հատկապես հումանիտար ոլորտում համագործակցությունը՝ նշելով, որ հայ երաժիշտները, նկարիչներն ու քանդակագործները ավանդաբար մասնակցում են Ստավրոպոլի երկրամասում անցկացվող մրցույթներին և փառատոներին։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի և Ստավրոպոլի երկրամասի քաղաքների միջև գործում են քույր քաղաքների մասին պայմանագրեր։ Մասնավորապես, Ստավրոպոլն ու Երևանը քույր քաղաքներ են 2013 թվականից, իսկ 2018 թվականից՝ Պյատիգորսկն ու Դիլիջանը։

«Կողմերի միջև ակտիվ փոխգործակցություն է իրականացվում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մակարդակով՝ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդական քաղաքականության և սոցիալական աշխատանքի ոլորտներում»,- ընդգծել է Նյուպպան։

Հիմա եթերում