Ռուսաստանից հեռանալը Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրությունն է. Իգոր Յուշկով

Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի և ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացումը:

Փորձագետի կարծիքով՝ տեղեկատվությունն այն մասին, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացման պատճառը էներգետիկան է, չի համապատասխանում իրականությանը:

«Ի հայտ եկող տեղեկություններն այն մասին, թե իբր այդ ամենն այն պատճառով է, որ Ռուսաստանը հարվածել է Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանին, դա այդպես չէ։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Թեև Ռուսաստանը պարբերաբար հարվածներ է հասցնում Օդեսային, բայց նախ՝ նպատակաուղղված ադրբեջանական ընկերության սեփականությանը հարվածներ չեն հասցվել։ Եվ երկրորդ, եթե պատճառը էներգետիկան լիներ, ապա հարաբերություններն ավելի շուտ կփչանային, քանի որ Ռուսաստանը 2022 թվականից հարվածներ էր հասցնում Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանին և Օդեսային, և դա երբեք չի հանգեցրել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրմանը։ Առավել ևս, Ադրբեջանն առանց այդ էլ իր նավթը մատակարարելու տեղ ունի, և Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանում 2022 թվականից ի վեր խոշոր մատակարարումներ չեն եղել։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ պատճառը էներգետիկան չէ, առավել ևս՝ ուկրաինական էներգետիկան», — ասել է Յուշկովը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանն ուղղված քաղաքականություն են:

«Ես կարծում եմ, որ դա ընդհանուր առմամբ նպատակաուղղված քաղաքականություն է Ռուսաստանից հեռանալու համար։ Եվ այս ամենը սկսվել է ոչ թե հիմա, այլ նախկինում: Մենք տեսանք, որ Ալիևը մայիսի 9-ին չէր եկել Մոսկվա։ Ուստի պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրության մեջ։ Նրանք կարծում են, որ Ռուսաստանից հեռանալը նախ թույլ կտա ամրապնդել Ալիևի դիրքերը, երկրորդ՝ թույլ կտա մերձենալ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի հետ։ Սա Ադրբեջանի ինչ-որ աշխարհաքաղաքական ընտրություն է, նրանք կարծում են, որ դա իրենց ավելի շատ քաղաքական միավորներ կբերի և դրա համար էլ նման քաղաքականություն են վարում։ Այսինքն՝ Ռուսաստանում ադրբեջանական ծագում ունեցող հանցագործների ձերբակալություններ չէին լինի, այլ պատճառ կլիներ։ Սրանք այն քաղաքականության նշաններն են, որն Ադրբեջանն ընտրել է», — եզրափակել է Յուշկովը։