Ռուսաստանն արձանագրում է Հայաստանի ղեկավարության բոլոր քայլերը․ Անդրեյ Սիդորչիկ
18 Դեկտեմբերի 2025, 23:20
Ռուս լրագրող, քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
«Հայաստանի իշխանությունների մոտ առկա է որոշակի տնտեսական արտոնությունները պահպանելու ցանկություն, հատկապես հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության պայմանները և Ռուսաստանի Դաշնությունում առկա որոշ տնտեսական դժվարությունները։ Ռուսաստանը տրամադրված չէ որևէ կտրուկ քայլերի կամ հարաբերությունների խզման։ Համապատասխանաբար, Փաշինյանը փորձում է օգտվել դրանից։
Այս պահին մենք տեսնում ենք, որ Մոսկվան Հայաստանի ղեկավարության դեմ լուրջ կամ ակտիվ գործողություններ չի ձեռնարկում։ Այն շարունակում է պահպանել որոշակի կառուցողական մոտեցում։ Սա նշանակում է, որ այս իրավիճակում Մոսկվան, ըստ երևույթին, չի կարծում, որ Փաշինյանի գործողությունները ունեն կրիտիկական հետևանքներ Ռուսաստանի Դաշնության համար», — նշել է փորձագետը։
Անդրեյ Սիդորչիկի խոսքով՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը վարում է երկարաժամկետ բյուզանդական խաղ։
«Բայց, անկասկած, Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ քաղաքական հարթությունում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքը, քայլերը դեպի ՆԱՏՕ, թեկուզ ոչ ամբողջությամբ իրագործված, հայտարարությունները, եկեղեցու նկատմամբ վարքագիծը, որոնք իրականացնում է Փաշինյանն, այս ամենը նկատվում է։ Այդ ամենը Մոսկվայում արձանագրվում և քննարկվում է», -ասել է Սիդորչիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։