Ռուսաստանը կիրառում է օրենք․ Հարություն Մնացականյան
29 Նոյեմբերի 2023, 22:40
Ռուսաստանը մեզ հետ խոսում է միայն օրենքով։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է գործարար-ֆերմեր Հարություն Մնացականյանը․
«Ռուսաստանը մեզ հստակ հասկացրեց, որ շատ հարցերում մեր ապրանքն ունի խնդիրներ և երկար ժամանակ նա աչք է փակել այդ խնդիրների վրա։ Այդ երկիրը մի քանի անգամ փորձ արեց մեզ հասկացնել, որ մենք այդ խնդիրները պետք է լուծենք։ Եթե մենք այս ճանապարհով շարժվենք, վաղը, մյուս օր իրենք ուղղակի ընդհանրապես կարգելեն իրենց ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան»,- նշել է Մնացականյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ռուսաստանը այսպիսի դիվանագիտություն է վարում, մենք էլ պիտի հասկանանք՝ հետագայում մեզ ձեռնտու կլինի՞ մտնել ռուսական շուկա, թե ոչ․
«Այսպիսի արտահայտություն կա՝ իմ բարեկամներին ամեն ինչ, մյուսներին՝ միայն օրենք։ Հիմա մեզ հետ Ռուսաստանը խոսում է միայն օրենքով։ Դա դիվանագիտական ինչ-որ քայլ է։ Մենք էլ պիտի հասկանանք այդ դիվանագիտական քայլերին ինչպիսի պատասխան պիտ տանք, ոնց պիտի վերաբերվենք, արդյոք մեզ ձեռնտու է նույն որակի ապրանքներով հետագայում մտնել ռուսական շուկա այն դեպքում, երբ Ռուսաստանը ուզի հստակ օրենք կիրառելով արգելել, թե մեր ապրանքների որակի բարձրացման վրա սկսենք աշխատել»,- եզրափակել է Հարություն Մնացականյանը։