Մենք ուսումնասիրում ենք հայտարարությունները. Պեսկով
12 Մարտի 2025, 14:29
Կրեմլը ուշադիր ուսումնասիրում է բոլոր հայտարարությունները, որոնք արվել են նախօրեին Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կայացած բանակցություններից հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք այն հայտարարությունները, որոնք արվել են արդյունքների հիման վրա, ծանոթանում ենք համատեղ հայտարարության տեքստին, որն ընդունվել է Ջիդայում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ռուսաստանը, նրա խոսքով, ակնկալում է ԱՄՆ-ի հետ առաջիկա շփումների ժամանակ ամբողջական տեղեկատվություն ստանալ Ջիդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների մանրամասների մասին:
«Այս օրերին մենք պլանավորված շփումներ ունենք ամերիկացիների հետ, որոնց ընթացքում ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունը», — ասել է Պեսկովը։
Նա կոչ է արել «առաջ չընկնել»՝ Ուկրաինայում 30-օրյա զինադադարի առաջարկին Ռուսաստանի արձագանքի հարցում։
«Մամուլի հետ զրույցում և՛ (պետքարտուղար Մարկո) Ռուբիոն, և՛ (Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք) Վալցն ասացին, որ տարբեր ուղիներով մեզ կտրամադրեն մանրամասն տեղեկատվություն Ջիդայում տեղի ունեցած զրույցի էության մասին։ Նախ, մենք պետք է ստանանք այդ տեղեկատվությունը»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովի խոսքով՝ չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում կարող է ծագել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի թեման: Անհրաժեշտության դեպքում այն շատ արագ կկազմակերպվի, սակայն առայժմ դրա վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։
Ըստ նրա՝ մոտ օրերս նախատեսվում են շփումներ, որոնց մասին Կրեմլը կտեղեկացնի։
Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման ժամանակն ու վայրը որոշված չեն։