Ռուսաստանը միշտ կհիշի այդ աղետը և կընկալի հայ ժողովրդի այս դժբախտությունը որպես իր սեփականը. Զախարովա
06 Դեկտեմբերի 2023, 16:57
Ռուսաստանը միշտ կհիշի 1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը՝ այն ընկալելով որպես իր դժբախտություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանը կրեց իր պատմության ամենամեծ աղետներից մեկը՝ 10 բալ ուժգնությամբ սարսափելի երկրաշարժ, որի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքում էր։ Այն ավերել է բազմաթիվ բնակեցված տարածքներ և խլել մի քանի տասնյակ հազար քաղաքացիների կյանք։ Տարբեր գնահատականներով՝ աղետի հետեւանքով ավերվել է 9 մլն քառ. մ բնակելի տարածք: Սա կազմել է հանրապետության ընդհանուր բնակարանային ֆոնդի մոտ 20%-ը։ Ավելի քան կես միլիոն մարդ մնացել է անօթևան։
Սարսափելի վշտի պահին հայ ժողովրդին օգնության հասավ ամբողջ երկիրը, դրսից եկած ընկերները, այդ թվում՝ հայկական սփյուռքը։ Աղետի հետեւանքների վերացման հանձնաժողովը գլխավորել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Մոտ 100 բարձր որակավորում ունեցող բժիշկներ՝ ԽՍՀՄ առողջապահության նախարար Եվգենի Չազովի գլխավորությամբ, թռել են Մոսկվայից»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով, մարդասիրական օգնություն է ստացվել բոլոր միութենական հանրապետություններից։ Հանրապետություն է եկել 45 հազար շինարար.
«Ռուսաստանը միշտ կհիշի այդ աղետը և կընկալի հայ ժողովրդի այս դժբախտությունը որպես իր սեփականը», — ասել է Զախարովան։