Ռուսաստանը ցանկանում է հստակ պատասխան ստանալ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ․ Արեշև

Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Ռուսաստանի արձագանքը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներն ու տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:

«Մենք գիտենք, որ վերջնական թվերի հրապարակումը, թե որ կուսակցությունը որքան ձայն է ստացել, նախատեսված է հունիսի 14-ին: Բայց արդեն իսկ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից նախաձեռնված դատական հայցերից և դատարաններ ներկայացված դիմումներից՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և, ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի կողմից, կարելի է ենթադրել , որ այս ամենը վկայում են էական խախտումների, կեղծիքների և գործող իշխանությունների կողմից վարչարարական ռեսուրսի անվարան օգտագործման մասին:

Խոսքը նաև անհրաժեշտ արդյունք ստանալու համար կուլիսային պայմանավորվածությունների փորձերի մասին է, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանա ցանկալի մեծամասնություն, երկրորդ փուլ հայտարարելու անհրաժեշտություն չառաջանա և հնարավորություն լինի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարություն ձևավորել, որը լիովին կհամապատասխանի այն հետաքրքրություններին և պահանջներին, այդ թվում ՝ արտաքին խաղացողների շահերին և պահանջներին, որոնք արդեն շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին հաղթանակի կապակցությամբ ՝ չսպասելով անգամ վերջնական թվերին և ձայների վերջնական հաշվարկին։

Ինձ թվում է, որ հետընտրական գործընթացները, մասնավորապես Սահմանադրական դատարանում և այլ դատարաններում դատավարությունները, կշարունակվեն՝ չնայած այնտեղ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ազդեցության գերիշխող դիրքին։

Չեն բացառվում նաև փողոցային ցույցերը, որոնք այնքան բնորոշ են հետխորհրդային Հայաստանի հետընտրական գործընթացներին առնվազն վերջին 30 տարիների ընթացքում»,- ասել է Արեշևը։

Փորձագետի խոսքով ՝ այժմ գործող իշխանությունը փորձում է վախեցնել և ընդդիմախոսներին, և նրանց կողմնակիցներին, որպեսզի նրանք հրաժարվեն հետընտրական որևէ ակտիվ գործողությունից:

«Ինձ թվում է, որ այժմ փորձ է արվում ճնշում գործադրել ինչպես ընդդիմախոսների, այնպես էլ նրանց աջակիցների վրա՝ ստեղծելով անտարբերության և անզորության զգացում, որպեսզի նրանք հրաժարվեն հետընտրական ակտիվ գործողություններից, որոնց համար, ըստ իրենց գնահատման, ունեն հիմքեր, և ընդունեն իրենց պարտադրվող օրակարգը։ Սա, ըստ էության, շատ հետխորհրդային երկրներում նման ռեժիմների համար բնորոշ մոտեցում է։

Բնականաբար, խոսքը վերաբերում է հեռահար նպատակներ ունեցող ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ արտաքին քաղաքական նախագծերին, որոնք կապված են ոչ միայն այսպես կոչված եվրաինտեգրման, այլ առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ՝ Բաքվի և Անկարայի պայմաններով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի մթնոլորտ հասարակության մեջ։ Իսկ Փաշինյանը, որն անկասկած փորձառու հասարակական, քաղաքական գործիչ է, և նրա քաղտեխնոլոգները, օգտագործելով «փոթորկի և գրոհի» մարտավարությունը, փորձում են հասնել իրենց համար ցանկալի արդյունքների»,- նշել է Արեշևը։

Ըստ փորձագետի՝ Մոսկվայում ուշադրությամբ կհետևեն ընտրությունների վերջնական արդյունքներին և հետընտրական գործընթացների զարգացմանը։