Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանից. Դենիս Դենիսով
16 Մայիսի 2025, 22:23
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է Ուկրաինայի հարցով ստամբուլյան բանակցությունները և նշել, որ լուրջ որոշումների սպասել պետք չէ:
«Ամենակարևորն այն է, որ հիմա պետք չէ ինչ-որ սենսացիոն և լուրջ որոշումների սպասել, հատկապես այդ բանակցությունների առաջին փուլում։ Կողմերն արդեն նախանշել են իրենց դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ, կա երկու առանցքային առաջնահերթություն՝ անվտանգության հարթություն և քաղաքական կարգավորման հարթություն։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կողմերը քաղաքական կամք ունեն պայմանավորվելու և իրականացնելու այդ պայմանավորվածությունները, կարծում եմ, որ մենք կիմանանք մի քանի օրվա ընթացքում, բայց այն, որ ուկրաինական կողմը և նրա առաջնորդը փորձել են ի սկզբանե բանակցային գործընթացը վերաձևակերպել հերթական շոուի, իհարկե, շատ զուսպ ակնկալիքներ է տալիս այդ բանակցությունների արդյունքների վերաբերյալ»,- նշել է Դենիսովը։
Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ը սկզբունքորեն պատրաստ է դուրս գալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացից։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ դժվար թե նրանք լիովին համերաշխ լինեն եվրոպական մի շարք երկրների հետ՝ ելնելով Թրամփի քաղաքականության տրամաբանությունից և ընդհանրապես իմաստային ծանրաբեռնվածությունից։ Բայց, միևնույն ժամանակ, մենք արդեն բազմիցս լսել ենք ԱՄՆ ներկայացուցիչներից, որ նրանք սկզբունքորեն պատրաստ են դուրս գալ այս հակամարտության կարգավորման գործընթացից։ Եվ եթե նրանք հասկանան, որ մոտ ժամանակներս դրա կարգավորման հեռանկար իրականում չկա, ապա, իհարկե, նրանք պարզապես դուրս կգան՝ թողնելով այդ խնդիրը եվրոպացիներին։ Վերջին մի քանի ամսում, կարծում եմ, բոլորն արդեն հասկացել են, որ Թրամփը ելնելու է ԱՄՆ ազգային շահերի իր ըմբռնումից, և այն, թե ինչպես է նրա դիրքորոշումն ընկալվելու աշխարհում, հատկապես եվրոպացիների կողմից, նրան այնքան էլ չի հուզում»,-ասել է Դենիսովը։
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա միտումներին՝ Դենիսովը նշել է, որ նոր գործարք կկնքվի:
«Թրամփը տրամադրված է Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալուն, և այդ առումով հակամարտության կարգավորումն առաջնային է նրա համար, կամ, համենայն դեպս, դրա կարգավորման ցուցադրումը։ Ներկա պահին Թրամփն ու նրա շրջապատը շատ ռելիեֆային կերպով ցուցադրում են բանակցային գործընթացները, որոնք, նրանց կարծիքով, պետք է հաջողությամբ ավարտվեն: Եվ այդ առումով կան բոլոր նախադրյալները, որպեսզի նոր գործարք կնքվի»,-ընգծել է Դենիսովը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանից:
«Ռուսաստանի Դաշնությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ընկալում է որպես իր ռազմավարական գործընկերներ, որոնց հետ անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ կառուցել տասնամյակներ շարունակ՝ նայելով ապագային: Դրանից ելնելով՝ կառուցվում է և՛ հրապարակային դիրքորոշում, և՛ ոչ հրապարակային դիրքորոշում՝ կապված այն բանի հետ, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունները, անհրաժեշտ է հետագայում առաջարկել այս կամ այն նախագծերը, որոնք ձեռնտու կլինեն բանակցային գործընթացին մասնակցող բոլոր կողմերին։ Ռուսաստանը ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանից։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ տարածաշրջանն այս պահին Ռուսաստանի համար, անշուշտ, առաջնային չէ»,- եզրափակել է Դենիսովը։