Ռուսաստանը ծովահենությանը պատասխանելու է հայելային եղանակով․ Պուտին

12 Օգոստոսի 2026, 12:40

Քաղաքականություն

Ռուսական առևտրային նավերի հնարավոր զավթման փորձերը ծովահենություն ու ավազակային հարձակում է, և Մոսկվան դրանց պատասխանելու է հայելային եղանակով։ Այս մասին Հեռավոր Արևելքում անցկացվող զորավարժությունների եզրափակիչ փուլին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք պատասխանելու ենք հայելային կերպով՝ ոչ միայն այն ջրատարածքներում, որտեղ իրականացվում են հարձակումները, այլև այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարենք, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճում է հակամարտային ներուժը։ Նրա խոսքով՝ տարածաշրջան է ներթափանցում ՆԱՏՕ-ն, ստեղծվում են նոր ռազմաքաղաքական դաշինքներ, տեղակայվում են ՌԴ-ին սպառնացող զինատեսակներ։

Պուտինն անդրադարձել է նաև Արկտիկայում լարվածության աճին՝ նշելով, որ ՌԴ-ն ավանդաբար հանդես է գալիս համագործակցության օգտին։ Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է հասկանալ Ճապոնիայի դիրքորոշումը, որը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել և նրան դասել սպառնալիքների աղբյուրների շարքին։

Միևնույն ժամանակ Պուտինը ընդգծել է, որ ՌԴ-ն չի սպառնում Ճապոնիային և այդ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Նրա խոսքով՝ տարածքային պահանջներ ունի հենց Տոկիոն։

Նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Հեռավոր Արևելքի բոլոր հարևանների, այդ թվում՝ Ճապոնիայի հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան ամրապնդում է սեփական անվտանգությունը, սակայն միշտ պատրաստ է փոխզիջումներ փնտրել՝ փոխադարձ շահերի հիման վրա։

Պուտինն առանձին անդրադարձել է նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի դերին՝ նշելով, որ այն լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները։ Նրա խոսքով՝ ծովային հետևակը հատուկ ռազմական գործողության գոտում գործում է համարձակ և պրոֆեսիոնալ՝ կատարելով տարբեր մարտական առաջադրանքներ։

Նա նաև վստահեցրել է, որ նավատորմի ամրապնդմանն ուղղված առաջարկները կստանան անհրաժեշտ աջակցություն։