Ռուսաստանը ձգտում է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև. Պյոտր Կոլչին
20 Նոյեմբերի 2023, 23:30
Ռուս քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հավանականությունը։
Ըստ փորձագետի՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին են։
«Կարծում եմ, որ երկու երկրները գտնվում են խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, և ինչ-որ ռազմական հռետորաբանություն և հնարավոր էսկալացիա ամենևին չի բխում ադրբեջանական կողմի շահերից։ Գոյություն ունի Ղարաբաղի ապառազմականացման գործընթաց, որը ձեռնտու է Անդրկովկասյան տարածաշրջանների և նույնիսկ Մերձավոր Արևելքի պետությունների մեծամասնությանը։
Մյուս կողմից, ԱՄՆ-ն ու Եվրոպան կարող են փորձել ինչ-որ կերպ դիվանագիտական ճնշում գործադրել Հայաստանի իշխանության վրա՝ հակամարտությունը սրելու համար, որպեսզի ինչ-որ կերպ իր մեջ ներքաշեն Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային։ Ռուսաստանը, այս համատեքստում, հանդես է գալիս որպես միջնորդ և խաղաղարար՝ ձգտելով դադարեցնել էսկալացիան, ստորագրել խաղաղության պայմանագիր և, իհարկե, ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Դա Ռուսաստանի համար առաջնահերթություն է, և դա հաստատեցին ռուս խաղաղապահների գործողությունները Ղարաբաղում»,- նշել է Կոլչինը։
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցմանը, ապա, հավանաբար, երկու կողմերն էլ դեռ չեն եկել ինչ-որ փոխըմբռնման համաձայնագրի վերաբերյալ։ Հնարավոր է, որ Ադրբեջանը դեռևս խաղաղության պայմանագրի ծրագիր է մշակում, բայց ես կասկածում եմ, որ համաձայնագիրն ինքնին կարող է շատ բարդ լինել։ Եվ, իհարկե, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը՝ որպես հիմնական միջնորդ, այս ոլորտում մեծ աշխատանք ունեն անելու»,- եզրափակել է քաղաքագետը։