Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից. Պեսկով

30 Հունիսի 2025, 20:30

Քաղաքականություն

Ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից և մնում է նրա լիիրավ մասնակից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է»,- ասել է Պեսկովը: Միաժամանակ, Պեսկովի խոսքով, Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտնել կազմակերպությունից դուրս գալու մասին։

Նրա խոսքով՝ Կրեմլը կհետևի Երևանի հետագա որոշումներին։ Այսպես Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է հանրապետության՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը դադարեցնելու կամ վերականգնելու հնարավոր որոշումը։

Պեսկովը նշել է, որ կազմակերպության աշխատանքներից դուրս գալը կամ դրան մասնակցելը Երևանի ինքնիշխան որոշումն է, սակայն ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանին օգուտ է բերում։ «Տվյալ դեպքում սա Հայաստանի բացարձակ ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը միանշանակ օգուտ է բերում»,- նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։