Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ որևէ ագրեսիվ մտադրություն չունի. Պուտին

19 Սեպտեմբերի 2026, 00:40

Միջազգային

Եկեք ավելի լավ է բարեկամաբար ապրենք, հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխան տալ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով արևմուտքի երկրներին։

«Ռուսաստանի ինքնիշխանության երաշխավորը մնում է միջուկային եռյակը, և դրա ամրապնդումը անվերապահ առաջնահերթություն է։ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպառազինության արդիականության մակարդակը կազմում է 92%։ Ռուսաստանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը պետք է ապահովի օդատիեզերական հարձակման ցանկացած միջոցի ոչնչացումը։

Եվրոպացիներն ընտրությունների ժամանակ հասկացնում են, որ Ռուսաստանի հետ որևէ պատերազմ չեն ցանկանում։ Նրանք փորձում են փրկել իրենց իջնող վարկանիշը և քողարկել թույլ տված սխալները՝ խոսելով Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին։

Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ որևէ ագրեսիվ մտադրություն չունի, այլ պատրաստ է համագործակցության և եվրոպական հարևանների հետ հարաբերությունների վերականգնմանը»,- ասել է նա: