ՌԴ-ն Հայաստան ապրանքներ է մատակարարում շուկայականից 3 անգամ ցածր գներով. Շոյգու
20 Մայիսի 2026, 19:37
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանին ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով:
Նրա խոսքով՝ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի բաժինը կազմում է 36%, և այն առաջին տեղում է թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ցուցանիշներով: Խոսքն, ըստ նրա, բնական գազի, ալյուրի, հացահատիկի, պարարտանյութերի և բենզինի մասին է։
Շոյգուն նշել է, որ 2025-2026 թվականներին Ռուսաստանին ոչ բարեկամ մի շարք երկրներ դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերները: Նրանց հետ համաձայնագրերը ներառում են անվտանգության ոլորտում համագործակցության խորացում և համատեղ զորավարժությունների անցկացում ։
Նա ընդգծել է, որ Մոսկվան հասկանում է Երևանի ցանկությունը օգտվել ՌԴ-ի հետ համագործակցությունից, սակայն «սա երկկողմանի փողոց է»։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները 2025 թվականին Հայաստան են փոխանցել գրեթե 3,9 մլրդ դոլար, ինչը կազմում է փոխանցումների ընդհանուր ծավալի մոտ երկու երրորդը և երկրի ՀՆԱ-ի մոտ 13 տոկոսը։ Շոյգուն միաժամանակ հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքային թույլտվությունների ՝ օգտվելով բժշկական, կենսաթոշակային և սոցիալական ապահովության հավասար իրավունքներից։