Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, սակայն Երևանը պետք է կողմնորոշվի ԵՄ-ին միանալու հարցում․ Վլադիմիր Պուտին
01 Սեպտեմբերի 2026, 20:44
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններին, երկկողմ գործընկերությանը, ինչպես նաև Եվրամիության հետ Երևանի մերձեցման հեռանկարներին։
ՌԴ ղեկավարի փոխանցմամբ՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ 2026 թվականի սկզբից ի վեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 2,5 միլիարդ դոլարի։ Նա ընդգծել է, որ ռուսական ընկերությունները Հայաստանի պետական բյուջեի խոշորագույն հարկատուներն են և առանցքային դեր են խաղում երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում։
Պուտինն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության դրական ազդեցության վրա՝ նշելով, որ կազմակերպությանը միանալուց ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ ավելացել տասն անգամ։
Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան միշտ էլ կողմ է եղել Երևանի հետ բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, ինչը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի հիմնարար շահերին։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով Եվրամիության հետ Հայաստանի խորացող հարաբերություններին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ որքան շուտ Երևանը հստակ որոշում կայացնի ԵՄ-ին միանալու հարցում, այնքան լավ, քանի որ Մոսկվան պետք է հստակ հասկանա, թե ինչպես է զարգացնելու հետագա հարաբերությունները Հայաստանի հետ։