Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Գալուզին
04 Հունիսի 2026, 18:30
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի կարգավորման, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործում։
Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնվելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա։
Բացի այդ, ռուս դիվանագետը նշել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի զգալի ներուժը, որը միավորում է Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներն ու նրանց պատմական հարևաններին։