Ռուսաստանը պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին. Պեսկով
11 Փետրվարի 2025, 13:33

Ռուսաստանը պահպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հարցում օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը, բայց ողջունում է նաև կողմերի ինքնուրույն քայլերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, փոխանցում է ТАСС-ը:
Սիմոնյանը հայտարարել է, որ ՌԴ-ի մասնակցությունը կարգավորմանը «քիչ հավանական է»՝ անցյալի փորձի մասին «վատ հիշողությունների» պատճառով:
«Տարբեր մակարդակներով Երևանից մենք հայտարարություններ ենք լսել այն մասին, որ, ըստ էության, միջնորդների կարիք չկա, և Երևանն ու Բաքուն ի վիճակի են արդեն իրենք շարունակել բանակցությունները մինչև այդ գործընթացի ավարտը։ Պահպանելով ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը՝ մենք կողջունենք նրանց ինքնուրույն ջանքերը», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։