Ռուսաստանը փոխել է հայկական տնտեսության կառուցվածքը. Իոսիֆ Դիսկին

Տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելը տնտեսապես շահավետ է:

«Ռուսաստանը երկար ժամանակ աջակցել է Հայաստանի տնտեսությանն, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական ոլորտներին: Գնվել են սարքեր, շինարարական գործարաններ, ռադիոտեխնիկական գործարաններ, ընդ որում՝ դրանց արտադրանքը ձեռնարկություններն իրացրել են Եվրասիական տնտեսական միության շուկաներում։ Եվ դա ամբողջովին փոխում էր հայկական տնտեսության կառուցվածքը, քանի որ կար ոչ միայն գյուղատնտեսություն, այլև նաև շուկա, որ կրթված հայերը կարողանան աշխատանք գտնել։ Սա պահում էր Հայաստանի և՛ տնտեսական կառուցվածքը, և՛ սոցիալական կառուցվածքը, որովհետև այդ դեպքում երիտասարդները կարող էին աշխատանք գտնել Հայաստանում:

Այսօր ԵԱՏՄ-ում այս կառույցի մեջ մտնող երկրների ձեռնարկություններին աջակցելու տարբեր մեխանիզմներ կան։ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց մնա ԵԱՏՄ-ում, ապա, իհարկե, դա հավանության չի արժանանա։ Ռուսական հանրային կարծիքում խոսակցություններ կսկսվեն այն մասին, որ Հայաստանը բուլկիից չամիչ է հավաքում։ Բայց, այնուամենայնիվ, Եվրասիական տնտեսական միությունից որևէ երկիր դուրս մղելու մեխանիզմ գոյություն չունի։ Դա յուրաքանչյուր երկրի ընտրությունն է: Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ուրեմն կտուժի ողջ էլեկտրատեխնիկական և Հայաստանի ռադիոտեխնիկական արդյունաբերությունը», — ասել է Դիսկինը։

Նա նաև նշել է, որ Հայաստանին և Ռուսաստանին կապում են երկարատև պատմական հարաբերությունները։ Ըստ նրա՝ Ռուսաստանը շատ բան է արել աջակցելու Հայաստանին դժվարին ժամանակներում։

«Մենք վերականգնել ենք ատոմակայանը։ Տարբեր բարոյական և մարդասիրական նկատառումներով աջակցել ենք Հայաստանին, բայց ստիպողաբար սիրելի չես լինի»,- եզրափակել է Դիսկինը։