Ռուսաստանը դատապարտել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծումը
11 Հունիսի 2026, 13:23
Գյումրիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքը չի կարող դիտարկվել որպես սովորական խուլիգանություն։ Այս մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարության մեջ։
«Խոր վրդովմունքով տեղեկացանք Գյումրիում գտնվող՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդումներին։
Այս սրբապղծական արարքը չի կարող գնահատվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ ուղղված կանխամտածված հարձակման և Մեծ հաղթանակի նկատմամբ անարգանքի փորձի մասին է։
Տեսնում ենք, որ տեղի ունեցածը խիստ բացասական արձագանք է ստացել Գյումրիի քաղաքային իշխանությունների և հասարակության կողմից։ Ակնկալում ենք, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները հստակ գնահատական կտան կատարվածին, ինչպես նաև կձեռնարկեն սպառիչ միջոցներ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար»,- նշվում է դեսպանության հայտարարության մեջ։