Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրն է

17 Հունիսի 2023, 17:47

Մշակույթ

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը։

Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Ս. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծ անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը:

Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռևս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածու և արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս:

Հետագայում հայրապետական աթոռի գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ:

Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաև Ս. Ներսես Հայրապետի շնորհիվ, ով ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Ս. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»:

Qahana.am-ը գրում է, որ Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից:

Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին՝ նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը: