Սա գոյամարտ է, որի առաջնագիծը Երևանն է․ Վիգեն Սոսիկյան
24 Մայիսի 2024, 00:15
Հայաստանում բնակվող հայերի կյանքը շարունակական պայքար է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Համայնքային հասարակական գործիչ Վիգեն Սոսիկյանը։
«Հայաստանում ոտքի ելած շարժումը շատ ճիշտ անվանում ունի՝ Սրբազան պայքար, բայց պայքարը նոր չի սկսվել, այն վերջին տարիներին էլ կար։ Մեր կյանքը և հատկապես Հայաստանում բնակվող հայերի կյանքը շարունակական պայքար է։ Այս պայքարը ես ազգային գոյամարտ եմ համարում, և չհաջողելու տարբերակ չունենք ուղղակի։ Այս պահին ոչ միայն Հայաստանի հարցն է սեղանի վրա դրված, այլ նաև մեր հավատքի հարցը»,- ասաց Սոսիկյանը։
Նա ընդգծեց՝ այսօր ոտքի ելած հայերը պայքարում են ոչ միայն Հայաստանի գոյության համար, այլ նաև հավատքի։
«Վերջին 5-6 տարիներին թիրախավորված է նաև եկեղեցին, մեր հավատքն ու քրիստոնեությունը։ Եվ մենք այսօր պայքարում ենք ոչ միայն Հայաստանի գոյության համար, այլ նաև մեր հավատքի։ Այս սրբազան պայքարը փորձում են նսեմացնել՝ ասելով, թե այն քաղաքական պայքար է, բայց դա այդպես չէ։ Միգուցե, ինչպես Ալեն Սիմոնյանն ասաց՝ քաղաքականությունն իրենց համար առևտուր է, բայց այսօր ո՛չ մենք, ո՛չ եկեղեցին առևտրով չենք զբաղվում։ Եթե թողնենք՝ նման կերպ արտահայտվող մարդիկ շարունակեն ղեկավարել երկիրը, ապա մոտ ժամանակահատվածում Հայաստանն ամբողջովին կկորցնենք»,- եզրափակեց Սոսիկյանը։