Սա հարձակում է կրոնական ազատության դեմ․ Արա Զոհրաբյան
23 Սեպտեմբերի 2026, 22:20
Փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի և վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը՝ այն կապելով Հայաստանում կրոնական ազատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության վերաբերյալ մտահոգությունների հետ։
Զոհրաբյանի գրառման համաձայն՝ Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին շարունակում է արգելվել լքել Հայաստանի տարածքը։ Փաստաբանը պահանջում է դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու սահմանափակումը՝ նրան հնարավորություն տալով այցելել աշխարհասփյուռ հայկական համայնքներ և իրականացնել իր հովվապետական պարտականությունները։
«Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների օգտագործմամբ՝ ավելի քան 1700 տարի հայկական ինքնության և քրիստոնեական հավատի հենասյուն հանդիսացող Եկեղեցու առաջնորդին վարկաբեկելուն, լռեցնելուն և իր կարգավիճակից զրկելուն ուղղված իշխանության գործողություններով»,– գրել է Զոհրաբյանը։
Նա պնդում է, որ իշխանության գործողությունները կարող են վկայել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետության նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու ձգտման մասին։
Գրառման մեջ Զոհրաբյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններին՝ նշելով, որ, իր գնահատմամբ, դրանց թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Եկեղեցու ինքնակառավարման համակարգը։
Փաստաբանը որպես օրինակներ մատնանշում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի՝ ուսումնական ծրագրերից հեռացումը, բանակից և քրեակատարողական հիմնարկներից հոգևորականների հեռացումը, Սուրբ Պատարագի ծիսակարգը փոփոխելու փորձերը, եկեղեցիների նկատմամբ գործողությունները, Եկեղեցու նոր կանոնադրություն մշակելու և Կաթողիկոսին փոխելու վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս գործողությունները կազմում են Եկեղեցու ինքնավարության դեմ ուղղված լայնածավալ ճնշումների շղթա։ Նա ընդգծում է, որ Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, իսկ դրա պաշտպանությունը, իր համոզմամբ, անմիջականորեն առնչվում է նաև հավատացյալների՝ իրենց կրոնը ազատորեն դավանելու իրավունքին։
Անդրադառնալով Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ դատական գործընթացին՝ փաստաբանը նշում է, որ դատավորների ինքնաբացարկների և գործը մի դատարանից մյուսը փոխանցելու հետևանքով, իր գնահատմամբ, երկարաձգվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժի սահմանափակումը։
Զոհրաբյանը պնդում է, որ քրեական հետապնդման հիմքում ընկած գործողությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ կանոնական լիազորությունն է։ Խոսքը, ըստ նրա, եպիսկոպոսին կարգալույծ հայտարարելու մասին է, որը դատախազությունը որակել է որպես քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտող գործողություն։
Փաստաբանի պնդմամբ՝ այդ քաղաքացիական գործով դատական ակտն ինքնին միջամտում է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը, ինչը, նրա մատնանշմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարբեր վճիռներով անթույլատրելի է համարել։
«Փաստաբանական թիմի պնդմամբ՝ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, իսկ հիմա՝ դատարանում դեռևս նախնական դատալսումների փուլում, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,– գրել է Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը նաև մտահոգություններ է առաջացնում ողջամիտ ժամկետում արդար դատաքննության ապահովման վերաբերյալ։
Գրառման եզրափակիչ հատվածում Արա Զոհրաբյանը միջազգային հանրությանը կոչ է արել տեղի ունեցողը գնահատել կրոնական ազատության և իրավունքի գերակայության տեսանկյունից՝ ընդգծելով, որ խոսքը, իր գնահատմամբ, անկախ կրոնական հաստատության նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձի մասին է։
«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»,– գրել է փաստաբանը՝ միջազգային հանրությունից ակնկալելով հրապարակային արձագանք և դատավարության անկախ դիտարկում՝ կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության և արդար դատաքննության երաշխիքների պահպանման նպատակով։