Սա մեծ հաղթանակ է, ուզում էինք, որ միջազգային հարթակում ընդունելի դառնա մեր ամսագիրը. Էդիտա Գզոյան

10 Հունիսի 2025, 18:00

Մշակույթ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում:

Թանգարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար:

Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հետ: Նա նշել է, որ այս հաղթանակը թանգարանի համար շատ սպասված էր և մանրամասներ պատմել Scopus-ին դիմելու գործընթացից:

«Շատ երկար էինք պայքարել այս հաղթանակի համար, գաղափարը դեռ շատ շուտ էր հղացել մեզ մոտ և ուզում էինք, որ միջազգային հարթակում ընդունելի ու տեսանելի դառնա մեր ամսագիրը: Սա մեծ հաղթանակ է Հայոց ցեղասպանագիտության ու ընդհանրապես ցեղասպանագիտության որպես առանձին դիսցիպլինի զարգացման համար: Մինչև մեր ամսագիրը կինդեքսավորեինք, մեր անցած ճանապարհը շատ երկար էր, մենք աշխատանքները սկսել ենք 2019-ից, տեխնիկական պահանջներ կային, որոնց պետք է բավարարեինք, որպեսզի կարողանայինք դիմել ինդեքսավորման համար: 2014-ին ստեղծված մեր ամսագրում տարեկան մեկ հոդված էր լույս տեսնում, ինչը քիչ էր Scopus-ին դիմելու համար: Մենք տարեկան 2 հատոր դարձրեցինք դրանց թիվը, փոխեցինք խմբագրական կազմը, ավելացրեցինք միջազգային այլ հաստատությունների գիտնականների, որը կարևոր հանգամանք էր: Նաև առանձին կայք ենք ստեղծել մեր ամսագրի համար, որը կրկին կարևոր պայման էր Scopus-ին դիմելու համար: Բոլոր հոդվածներն անպայման անցել են գրախոսություն, տեխնիկական պահանջները կատարելուց հետո 2024 թվականի նոյեմբերին դիմեցինք Scopus-ին և մեր ամսագիրը ինդեքսավորվեց: Մեզ նամակ էին ուղարկել, որտեղ մեր ամսագիրը գրախոսած երկու էքսպերտները նշել էին, որ խիստ կարևոր, բարձր արժեք ունեցող հոդվածներ ենք տպագրել»,- պատմեց Էդիտա Գզոյանը: