Սա ոչ թե ակնարկ է, այլ իրադարձությունները չշտապեցնելու առաջարկ. քաղաքագետը՝ Հայաստանի վերաբերյալ Լավրովի խոսքերի մասին
05 Մարտի 2024, 21:30
Ռուս քաղտեխնոլոգ Կոնստանտին Կալաչովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Երևանի դիրքորոշումը կարող է հանգեցնել ՌԴ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների վերանայման:
Փորձագետի կարծիքով՝ Լավրովի խոսքերն առաջարկ են՝ չշտապեցնելու որոշ իրադարձություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Արևմուտքի հետ համագործակցության վերակողմնորոշման հետ:
«Եթե Հայաստանը չպարտադրի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալը, ապա ոչինչ չի լինի։ Ըստ էության՝ պարզ ու հասկանալի է, որ Ռուսաստանը կցանկանար այնտեղ պահել Գյումրիի իր ռազմաբազան։ Ես կարծում եմ, որ այս դեպքում դա պարզապես ակնարկ չէ, այլ առաջարկ՝ չշտապեցնել որոշ իրադարձություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Արևմուտքի հետ համագործակցության վերակողմնորոշման հետ։ Թեև հասկանալի և ակնհայտ է, որ դա որևէ կերպ չի ազդի Հնդկաստանի կամ Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության վրա։ Բայց ամեն դեպքում Լավրովն ակնարկում է, որ շտապել պետք չէ։ Քանի դեռ չի ավարտվել սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, քանի դեռ չկա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանն իր սահմաններով հանդերձ, Հայաստանը խոցելի է։
Այժմ Հայաստանը տպավորիչ տնտեսական աճ է ցուցադրում, բայց այդ ամենը կարող է արագ ավարտվել», — ասել է Կալաչովը։