Սա քարոզչական հնարք է․ Վիգեն Հակոբյանն՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հաստատել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս այցը կարող է ունենալ ինչպես զուտ քաղաքական նշանակություն, այնպես էլ կոնկրետ օրակարգ՝ կապված սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ։

«Այս այցը պետք է ստեղծի այն պատրանքը, թե խաղաղությունն այնքան հաստատված ու խորացված է, որ ոչ մի արտառոց բան չկա, եթե ՀՀ պատվիրակությունն իր ղեկավարի գլխավորությամբ գնա Ադրբեջան, կամ հակառակը։ Սա քարոզչական հնարք է, որը փորձում է Հայաստանի իշխանությունն իր ադրբեջանցի գործընկերների օգնությամբ հրամցնել մեր հասարակությանը»,- նշել է Հակոբյանը։

Ըստ նրա՝ կան նաև հարցեր սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված, որոնք պետք է լուծել մինչ ընտրություններ։

«Այս վարչախմբից Ադրբեջանը փորձելու է կորզել հնարավորինս։ Այդ նույն Ադրբեջանում շատ լավ հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մեղմ ասած, երաշխավորված չէ։ Դրա համար էլ ցանկանում են այս կարճ ժամանակահատվածում ստանալ այն, ինչ հնարավոր է»,- եզրափակել է Վիգեն Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։