Սա տոտալ բռնաճնշումների ժանրից է․ Սևակ Խաչատրյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին
21 Հոկտեմբերի 2026, 19:15
Մենք վաղուց էինք ասել, ես ինքս էլ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էի, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ այն ուժերը, որոնք կհանդգնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարներին հակառակ բան ասել կամ փորձեն ընդդիմանալ ու առաջադրվել, ենթարկվելու են տոտալ բռնաճնշումների։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյանը։
«Այսօր Ստեփանավանում տեղի ունեցածը, կարծում եմ, հենց այս ժանրից է»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում ընդդիմադիր բոլոր խմբակցությունների և կուսակցությունների գրասենյակներում «հայտնվում են» ձայնագրող կամ տեսանկարահանող սարքեր, մինչդեռ իշխող ուժի շտաբերում նման բան երբեք չի արձանագրվում.
«Այս ընթացքում մեկ անգամ չտեսանք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբերում որևէ ձայնագրություն կամ տեսանկարահանում լինի։ Մենք դատապարտում ենք ընտրակաշառքի յուրաքանչյուր փորձ, եթե, իհարկե, դա իրոք կաշառք է։ Բայց ես չեմ կարծում, որ որևէ թեկնածու չէր պատկերացնի իրավիճակը և նախընտրական շտաբում նստած կաշառք տար։ Դրանք, ամենայն հավանականությամբ, շտաբային կամ այլ ընտրական պրոցեսների համար նախատեսված աշխատանքային գումարներ են, թեև վերջնական պատասխանները կտան փաստաբաններն ու ձերբակալված անձինք»,- նշել է Խաչատրյանը։