Սա թուրքական ուժի ցուցադրություն էր, Հայաստանը Թուրքիայի ձեռքի տակ է. ամերիկահայ լրագրողը՝ Փաշինյանի՝ Թուրքիա այցի մասին

07 Հունիսի 2023, 11:05

Առաջին հերթին | Կարծիք

Զզվելի էր տեսնել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն արհամարելով հայության կարծիքը, մեկնեց Թուրքիա: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ամերիկահայ լրագրող Վալլի Սարկիսեանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուն:

«Ոմանք քննադատում են, թե Փաշինյանին նստեցրել էին հետեւի շարքում, բայց ուշադիր նայեք, կտեսնեք, որ Փաշինյանին նստեցրել էին իրենց ընտանիքի մեջ, շրջապատված Ալիեւով, Էրդողանով եը «Գորշ գայլերի» առաջնորդով:

Նրանք շրջապատել էին Փաշինյանին որպես ընտանիքի անդամի: Դա Էրդողանի ոճն է, մատը դնել քթին եւ սեղմել, ասելով, որ Հայաստանն ինձ է պատկանում, սա էր մեսիջը: Սա թուրքական ուժի ցուցադրություն էր, այժմ Հայաստանը Թուրքիայի ձեռքի տակ է, մոռացեք Ռուսաստանի եւ մյուսների մասին: Հայաստանը թուրքերի ձեռքում է, եւ նրանք են այլեւս որոշողը, իսկ Փաշինյանը ընդամենը կատարածու է»,- նշել է Վալլի Սարկիսեանը:

Ամերիկահայ լրագրողը կարծում է, որ Հայաստանի հասարակությունը թերագնահատում է թուրքերին, մինչդեռ նրանք խելացի են եւ փորձում են պառակտել հայությանը:

«Որովհետեւ Սփյուռքն ամենաշատ աղմկողն է, մենք այն մարդիկ ենք, որոնք բացահայտում են Թուրքիայի հանցագործությունները, իսկ հիմա թուրքերը հասան հաջողության:

Հայաստանը Թուրքիայի ամենահաջողված նախագիծն է, որովհետեւ նրանք ձախողեցին Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, բայց հաջողեցին Հայաստանում»,- ասաց Վալլի Սարկիսեանը:

Նա հավելեց, որ Հայաստանին եւ Արցախին սպասվող փորձությունները կանխելու համար հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: