Սամվել Դանիելյանի ու Բագրատ Սրբազանի ողջագուրումը ցնցումներ է առաջացրել իշխանության մոտ․ Գևորգ Թամամյան
15 Մայիսի 2024, 22:06
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու և Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար։
Alpha News-ի ուղիղ եթերում Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանն ասել է, որ այդ ողջագուրումը ցնցումներ է առաջացրել իշխանության մոտ։
«Աշխատանքից ազատելու պատճառն այն է, որ Սամվել Դանիելյանը ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ և, փաստորեն, դա երկրի ղեկավարության մոտ ցնցումներ է առաջացրել։ Չնայած նրան, որ բժիշկ Դանիելյանի պայմանագիրն ավարտվում էր հուլիսին ու նա չէր էլ պատրաստվում մասնակցել նոր մրցույթին, իրենք որոշեցին, որ այսպես վատ ձևով նման վաստակ ունեցող բժշկին, մասնագետին, ղեկավարին ազատեն աշխատանքից։
Առողջապահության նախարարության հրամանը վերևից է ու նրանք ընդամենը հրաման են կատարել, բայց բժիշկ Դանիելյանն այնքան բան է արել այս երկրի համար»,- նշել է Գևորգ Թամամյանը։
Նրա խոսքով՝ ինքն էլ հենց առաջին օրվանից աջակցել է Սրբազան հոր առաջնորդած շարժմանը։
«Սրբազանի առաջնորդած շարժմանը ոչ թե մասնակցում եմ այն ժամանակվանից, երբ այն Երևան տեղափոխվեց, մինչ այդ էլ գնացի ու ողջունեցի Սրբազանին, որովհետև համարում եմ՝ Բագրատ Սրբազանը մեծագույն հայերից է, ու ինձ համար մեծ պատիվ է նման մարդու ճանաչելը։ Իմ ուժերի ներածին չափով աջակցելու եմ, որ նրա մոտ ամեն ինչ ստացվի,որովհետև դա արվում է հանուն ՀՀ-ի ու մեր պետականության։ Բագրատ Սրբազանը նաև շատ մեծ ներդրում ունի Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտում։ Երկու տարի առաջ Սրբազանը նախաձեռնել ու Տավուշում ստեղծել է քաղցկեղը վերապրած երեխաների վերականգնողական կենտրոն»,- նշել է մեր զրուցակիցը։
Թամամյանը շեշտել է, որ ինքը հաստատակամ է ու ոչ ոք չի կարող իրեն հետ պահել շարժմանը, հավաքներին մասնակցելուց։