Սամվել Կարապետյանի աջակցությունը եկեղեցուն խոսում է հայրենիքի հանդեպ նրա վիթխարի սիրո մասին. Ելենա Պանինա

23 Հունիսի 2025, 21:20

Քաղաքականություն

Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան «Պրիմակովյան ընթերցումներ» XI միջազգային գիտական և փորձագիտական ֆորումի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը:

«Ցավոք, տեսնում ենք՝ ինչպես է Հայաստանը շատ արագ շարժվում Ուկրաինայի ճանապարհով: Մենք գիտենք, թե ինչպես ավարտվեց այս քաղաքականությունն Ուկրաինայի համար, երբ ազգային շահերը զոհաբերվում են հանուն արևմտյան շահերի: Հայ ժողովուրդը հավատացյալ է, և Ամենայն Հայոց Կաթողիկոսը վայելում է ժողովրդի մեծ հարգանքը: Ես շփվել եմ ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, նաև նրա նախորդի հետ, նրանք բացարձակ մեղմ մարդիկ են, իրենց ժողովրդի հոգևոր առաջնորդներն են։ Եվ ուրեմն, այն, որ Սամվել Կարապետյանն ամեն կերպ աջակցում է եկեղեցուն, խոսում է իր ժողովրդի, իր հայրենիքի հանդեպ նրա վիթխարի սիրո մասին, քանի որ եթե չլինի հավատ քը, որն ազգի համար միավորող ուժ է, ազգը կքայքայվի։

Հայերը շատ դժվար ժամանակներ ապրած ժողովուրդ են: Ժամանակին ազգը ցրվել է: Չէ՞ որ եղել է հայկական մեծ թագավորություն: Մենք գիտենք նաև, որ 1915 թվականին մեծ կոտորած է եղել, մեկ միլիոն մարդ է սպանվել, և, իհարկե, այն, որ հայ ժողովուրդը ողջ է մնացել, պահպանել է իր մշակույթը, լեզուն, դրանում ահռելի դեր է ունեցել հենց Եկեղեցին»,- նշել է Պանինան:

Ըստ փորձագետի՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու և այն արևմտյան ուժերի գաղութի վերածելու ուղղություն է որդեգրել:

«Այն կուրսը, որը վերցրել է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, դա ոչ թե պարզապես դեպի Արևմուտք ուղղությունն է, այլ Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու և այն արևմտյան ուժերի որոշակի գաղութի վերածելու կուրս է»,- եզրափակել է Պանինան: