Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում է ներկայացրել անձամբ ՀՀ գլխավոր դատախազը. Արամ Վարդևանյան

02 Հուլիսի 2025, 11:40

Քաղաքականություն

Մամուլի հաղորդագրության ուսումնասիրման հիման վրա ներկայացվել է հաղորդում ՀՀ գլխավոր դատախազի կողմից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հաղորդում է ներկայացվում անձամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից, որին հաջորդում է հարյուրավոր իրավապահների ներխուժումը Սամվել Կարապետյանի առանձնատուն: Դրանից հետո ձերբակալության որոշումը վերացվում է, Սամվել Կարապետյանը մոտ մեկ ժամ ազատության մեջ է լինում: Դրանից հետո կրկին ձերբակալում են կալանքի միջնորդություն ներկայացնելու պայմանով: Այս պայմաններում հանրությունը տեսավ, որ Սամվել Կարապետյանն ինքնակամ ներկայացավ: Դատարանը գտնում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա է թաքնվելու ռիսկ»,- ասել է փաստաբանը:

Նա հիշեցրել է, որ խոսքը ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին է: Վարդևանյանի խոսքով՝ այս հանգամանքը միջազգային փորձում էլ աննախադեպ է. «Միջին ծանրության ենթադրյալ հանցանք Forbes-ի ցուցակում գտնվող անձի, ՀՀ-ում հարգանք վայելող բարեգործի նկատմամբ: Սա աննախադեպ է»: