Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական «ավազակության» ակտ է. Արմեն Գասպարյան

Հեռուստառադիոհաղորդավար Արմեն Գասպարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը՝ Հայ Եկեղեցուն աջակցելու մասին նրա խոսքերից հետո:

Փորձագետի կարծիքով՝ հետխորհրդային տարածքում ցանկացած «դեմոկրատ»-ի համար ավանդական պատմությունը ազգային հպարտության կորուստն ու եկեղեցու դեմ պայքարն է:

«Դեռևս 2018 թվականին, երբ նոր էր սկսվել այս հեղափոխությունը, ես ասում էի, որ բլոգերի և ոչ այնքան կրթված մարդու իշխանության գալու արդյունքը լինելու է ազգային հպարտության կորուստը՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի, և պայքարը եկեղեցու դեմ։ Սա հետխորհրդային տարածքում ցանկացած «դեմոկրատ»-ի ավանդական պատմությունն է՝ ազգային հպարտության կորուստ և պայքար եկեղեցու դեմ, որը կփորձի դիմակայել դրան։ Հաջորդ տարի Փաշինյանի մոտ ընտրական ցիկլ է սկսվում, և քիչ թե շատ հաջող հանդես գալու համար նա պետք է ամբողջությամբ մաքրի տարածքը։ Ուստի նա պետք է փոխի եկեղեցական հիերարխներին, առաջին հերթին կաթողիկոսին, քանի որ նա ազդեցություն ունի Հանրապետությունում։

Եվ զուգահեռաբար պետք է մաքրել տարածությունը նրանցից, ովքեր այժմ դուրս են հայկական քաղաքականությունից, բայց որոշակի պայմաններում կարող են դառնալ քաղաքական սուբյեկտ։ Հենց դրանով էլ Փաշինյանն այսօր զբաղված է։ Սկսած բացարձակ լկտի գրառումներից, որոնք այդ մարդն ու նրա կինը թույլ էին տալիս իրենց սոցիալական ցանցերում, վերջացրած ձերբակալությամբ, դա բացարձակ քաղաքական «ավազակության» ակտ է», — ասել է Գասպարյանը։

Փորձագետի կարծիքով՝ Սամվել Կարապետյանը պետք է դառնա «քաղաքական Դանթե»՝ սիրտը հանի ու լուսավորի հասարակության ճանապարհը։

«Եթե մարդիկ, այնուամենայնիվ, գիտակցեն, թե ինչ է ուզում անել Փաշինյանը եկեղեցու հետ, ապա Կարապետյանը լավ քաղաքական հեռանկարներ կունենա։ Այլ հարց է, թե որքանով են դրանք նրան պետք ու կարևոր։ Կարապետյանը, շատ պաթետիկ լեզվով ասած, պետք է դառնա «քաղաքական Դանթե»՝ սիրտը հանի և այդ սրտով լուսավորի հասարակության ճանապարհը։ Բայց հասարակությունը պետք է ցանկանա գնալ, ոչ թե անդամալույծ լինել, այլ ոտքի կանգնել ու գնալ որքան հնարավոր է», — ընդգծել է Գասպարյանը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե կորցրել են, այլ գտել են Հայաստանը, կարելի է գնահատել որպես հուսահատություն:

«Քաղաքական տեսանկյունից հայ հասարակության սուբյեկտայնությունն այդպես էլ չստացվեց։ Նրանք միշտ քաղաքականապես շատ պասիվ են։ Ոտնահարված ազգային երազանքից հետո, ի դեմս Լեռնային Ղարաբաղի, նրանք գնացին և քվեարկեցին Փաշինյանի օգտին։ Ինչի մասին է դա խոսում: Մարդիկ չեն ձգտում հասկանալ, որ ամեն ինչ կախված է հայ հասարակության դիրքորոշումից։ Եթե կաթողիկոսի և Կարապետյանի հետ պատմությունը կարող է ինչ-որ բան տեղից շարժել, ապա լավ է և փառք Աստծո», — ասել է Գասպարյանը։

Փորձագետը նաև մեկնաբանել է Հայաստանի համար ներկայիս իշխանությունների արևմտամետ կուրսի հետևանքները։