Սամվել Կարապետյանն իր դիրքից այն կողմ չանցնող մարդ է. Կարինե Գևորգյան
23 Հունիսի 2025, 19:56
Ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ, իրանագետ Կարինե Գևորգյանն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանելով Սամվել Կարապետյանի ձերբակալությունը՝ ընդգծել է, որ պետք է հիմնավոր և հրապարակային հետաքննություն իրականացվի՝ հատկապես հաշվի առնելով, թե որքանով է հանրային դարձել այդ գործընթացը։
«Խոստովանում եմ, որ Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ես միայն հպանցիկ եմ հետևել իրավիճակին։ Հասկանալի է, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն գործարար է, այլև հասարակական գործիչ, հիմնադրամի հիմնադիր։ Որքանով հասկանում եմ, նա հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու ինստիտուտի։ Անշուշտ, ցանկացած կառույցի ներսում առկա է մարդկային գործոնը, և հոգևորականները նույնպիսի մարդիկ են, որոնք ապրում են հասարակության տրամադրություններով։ Սակայն, որքանով հասկանում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված վեճը Կարապետյանն ընդունել է որպես հարձակում եկեղեցու ինստիտուտի վրա։ Նրա ելույթը բացասական արձագանք է ստացել։ Ինչ վերաբերում է նրա դեմ քրեական գործերին, դա առանձին թեմա է։ Ես տեղեկություն չունեմ, և ես փաստաբան չեմ, որ մեկնաբանեմ դա: Այստեղ արդեն սկսվում է «լուսնի՞ կողմնակից ես, թե արևի» մասին պատմությունը։ Արդարության համար ասեմ, որ քաղաքական կոռեկտության մասին չէ խոսքը, պարզապես ասելիք չունեմ։
Եթե մեղադրանք է առաջադրվել, պետք է լինի հիմնավոր և հրապարակային հետաքննություն՝ հատկապես հաշվի առնելով, թե որքանով է այս գործընթացը հրապարակային դարձել։ Ի վերջո, սա սովորական դեպք չէ. նա ձեռնարկություններ ունի, Հայաստանի էլեկտրացանցերի սեփականատերն է, զբաղվում է մարդասիրական և բարեգործական գործունեությամբ։
Սա բենզալցակայանի տիրոջ մասին պատմություն չէ «Հաջողության ջենտլմենները» ֆիլմից, որտեղ բենզինին ինչ-որ բան են խառնում։ Այստեղ մասշտաբն այլ է։ Եվ եթե նույնիսկ փորձենք սա ներկայացնել որպես առանձին դրվագ, ոչ ոք դրան չի հավատա, դա միայն կմեծացնի հանրության ներսում լարվածությունը։
Բացի այդ, Սամվել Կարապետյանը, որքան գիտեմ, երկքաղաքացիություն ունի, և դա երբեք չի թաքցրել։ Կարծում եմ՝ նա ունի ռուս փաստաբաններ, և նրանք իրավունք ունեն պահանջելու մեղադրանքի նյութերը։ Պատմությունն, ինչպես տեսնում եք, դեռ ավարտված չէ։ Նա միշտ շեշտում էր, որ քաղաքականությամբ չի զբաղվում և հետևողական էր դրանում։ Իսկ հիմա, ինձ թվում է, նա իր դիրքից այն կողմ չի անցել՝ հանդես է եկել որպես Հայ Առաքելական եկեղեցու զավակ։ Նա մկրտված հայ է, պարբերաբար մասնակցում է պատարագների, և դա երբեք չի թաքցրել»,- ասել է Կարինե Գևորգյանը։