Սամվել Թադևոսյանը՝ «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակակիր
17 Հոկտեմբերի 2026, 20:40
Դերասան Սամվել Թադևոսյանը կարժանանա «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին՝ Silk Road Tribute Gala-ի շրջանակում, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Ինչպես նշվում է «Golden Globes»-ի պաշտոնական կայքում, Թադևոսյանը վեց կինոգործիչներից մեկն է, որոնք ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը։ Նրանք պարգևատրվելու են երկօրյա հանդիսավոր միջոցառման ընթացքում։
Ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխության «Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկոն անցկացվելու է առաջին անգամ և նվիրված է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի կինոյի և հեռուստատեսության ներկայացուցիչներին:
Սամվել Թադևոսյանը հայտնի է որպես կինոյի և թատրոնի դերասան։ Նրան լայն ճանաչում է բերել Մհեր Մկրտչյանի՝ արցախյան պատերազմի մասին «Կյանք ու կռիվ» ռազմական դրամայում գլխավոր դերը։ Այդ աշխատանքի համար դերասանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակին։
Նա նկարահանվել է ռուսական ֆիլմերում և սերիալներում, այդ թվում՝ «SSSR» սերիալում։ Թադևոսյանը հայտնի է նաև իր թատերական աշխատանքներով, այդ թվում՝ «Էգոիստ» մոնոներկայացմամբ։ Սամվել Թադևոսյանը նկարահանվել է նաև ֆրանսիական «Dior» նորաձևության տան տղամարդկանց ձմեռային հավաքածուի գովազդային արշավում։
«Silk Road Tribute Gala»-ն առաջին անգամ կանցկացվի «Golden Globes»-ի հովանու ներքո և նվիրված կլինի «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական տարածաշրջանի կինոյի ու հեռուստատեսության գործիչների ձեռքբերումներին։ Միջոցառման շրջանակում նախատեսված է երեք մրցանակ՝ Golden Globes Meridian Award, Golden Globes Trailblazer Award և Golden Globes Beacon Award։
«Golden Globes»-ի նախագահ Հելեն Հենեն նշել է՝ «մրցանակակիրներից յուրաքանչյուրը նպաստել է, որ տարածաշրջանի պատմություններն ու ստեղծարար ձայները հասնեն ինչպես իրենց հայրենիքի, այնպես էլ աշխարհի տարբեր անկյունների հանդիսատեսին»։