Սարգիս Նաջարյան. Հանրային ռադիոյի ձայնը
12 Հուլիսի 2025, 22:15
Սարգիս Անուշավանի Նաջարյանը ծնվել է 1950թ. հուլիսի 12-ին Երևանում: Նրա նախնիները գաղթել են Բայազետից։
Նաջարյանն ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտի անգլերենի ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետը: Երկրորդ կուրսում մասնակցել է Հեռուստառադիոպետկոմի հաղորդավարների մրցույթին և ընդունվել աշխատանքի որպես հաղորդավար։ Հետագայում սովորել է Մոսկվայի ռադիոյին և հեռուստատեսությանը կից բեմական խոսքի ստուդիայում, որտեղ դասավանդել են հայկական բեմի լեգենդները։
1970-ական թվականներից Նաջարյանը դարձել է Հայկական ռադիոյի և հեռուստատեսության անբաժանելի մասը։ Նա վարել է «Պանորամա», «Մարդը և օրենքը», «Գրական կամուրջներ» հաղորդումները։ 1986 թվականից պատրաստում և վարում է «Կեսգիշերից առաջ» գրական գեղարվեստական, այժմ՝ հոգևոր ծրագիրը։ Նրա ձայնը ռադիոյում հնչում խորհրդային տարիներից մինչև անկախ Հայաստան։
Հետաքրքիր փաստ. 1984 թվականին թարգմանել և 13 օրվա ընթացքում անձամբ ներկայացրել է «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին առաջին գեղարվեստական ֆիլմը, որը ցուցադրվել է Երևանում:
Նաջարյանը հնչյունավորել է ֆիլմեր, ստեղծել ռադիոսպեկտներ, դասավանդել համալսարաններում, եղել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան։ Նրա ձայնը հնչում է «Փոքրիկ իշխանը», «Առակներ», «Նոր կտակարան» աուդիոգրքերում, ինչպես նաև հայ պոեզիայի անթոլոգիաներում: 2014 թվականին նա ներկայացրել է «Կոմիտաս՝ հավերժության ճամփորդ» մոնոներկայացումը Հայաստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:
Սարգիս Նաջարյանը պարզապես հաղորդավար չէ։ Նա հայ հոգու ինտոնացիայի պահապանն է, մարդ, ով կարողանում է այնպես խոսել, ասես դիմում է անձամբ յուրաքանչյուրին։