Սաթի Սպիվակովան արժանացել է Կորշի անվան մրցանակի
08 Սեպտեմբերի 2026, 20:50
Մոսկվայի Ազգերի թատրոնում կայացել է Կորշի 6-րդ մրցանակաբաշխության արարողությունը, որը նվիրված էր թատրոնի 20-ամյա գործունեությանը։ Միջոցառման ընթացքում հայտարարվել են տարբեր անվանակարգերի հաղթողները։
ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան Կորշի անվան մրցանակը հանձնել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի կնոջը՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովային։
Սաթի Սպիվակովային մրցանակը շնորհվել է «Հիացմունք» անվանակարգում։
Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) ծնվել է 1962 թվականի հունվարի 7-ին Երևանում՝ երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը ջութակահար Զարեհ Սահակյանցն էր, մայրը՝ դաշնակահարուհի Աիդա Ավետիսովան։ Սաթին ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը։ 1992 թվականին՝ 30 տարեկանում, ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն։
Առաջին անգամ կինոէկրանին հայտնվել է 1980 թվականին՝ 18 տարեկանում և միանգամից գլխավոր դերով։ Առաջին ֆիլմը «Լիրիկական քայլերգ» դրաման էր։ Սաթին մարմնավորել է Անուշին 1983 թվականին նկարահանված «Անուշ» ֆիլմ-օպերայում, որտեղ նրա հերոսուհու դերերգը կատարել է մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանը։