Սայաթ-Նովայի ծննդյան օրն է

14 Հունիսի 2023, 23:30

Մշակույթ

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան օրն է։

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են, գրում է Panorama.am-ը:

Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները։ Երգչի առաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում։ Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները։

Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1717-ն է։

Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը՝ առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին։ Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին։

Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը։ Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է[2]։

Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր։

Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա (Սէյաթ Նէվա) գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի/ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ — որսորդ, նովա — երգ, մեղեդի)։ Կա թարգմանության ավելի քիչ հավանական տարբերակ թուրքերենից՝ «Սայադի թոռ»։



Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։

1759 թվականի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ որպես բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759 թվականին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Բանդարե Անզալի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։

1766 թվականին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ «Աստվածաշնչի» հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768 թվականին մահացել է կինը՝ Մարմարը՝ թողնելով չորս անչափահաս զավակ։

Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778 թվականից, երբ վերաշինել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795 թվականի սեպտեմբերին՝ Աղա-Մահմեդ Խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։



Սայաթ-Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Հարավային Կովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթի համաձայն՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Նա՝ գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները, դրանք վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում, կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

«Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»,- գրել է բանաստեղծ Պարույր Սևակը։