ՍԴ-ում քննվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործը․ պահանջվել են նաև գաղտնի տվյալներ
26 Հունիսի 2026, 14:48
Սահմանադրական դատարանում ընթանում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննարկումը: Ինչպես նշել է զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը, սահմանված ժամկետում Սահմանադրական դատարան է մուտքագրվել ընտրություններին մասնակցած 7 կուսակցությունների և դաշինքների դիմումները: Հաշվի առնելով թեմայի նույնականությունը՝ ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ միավորել է բոլոր գործերը մեկ վարույթում:
«Սույն զեկույցը ներկայացվում է համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի։ Հունիսի 19-ի դրությամբ Սահմանադրական դատարան են մուտքագրվել ընտրություններին մասնակցած 7 կուսակցությունների և դաշինքների դիմումներ՝ ԿԸՀ-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի համատեքստում։ Դիմումների բովանդակությանը առանձին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև կողմերից յուրաքանչյուրն այն անձամբ կներկայացնի»,- նշել է Էդգար Շաթիրյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ՍԴ-ն հունիսի 22-ին և 23-ին ընդունած աշխատակարգային որոշումներով տարբեր գերատեսչություններից (այդ թվում՝ Քննչական կոմիտեից, ՀՌՀ-ից, Դատական դեպարտամենտից) պահանջել է անհրաժեշտ փաստաթղթեր ու նյութեր, որոնք արդեն ստացվել են։
Առանձնահատուկ շեշտադրում է կատարվել Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) և ՆԳՆ-ից պահանջված սահմանահատումների ու ընտրողների տվյալների վրա, որոնց մի մասը կրում է գաղտնի բնույթ:
«ՍԴ 134 աշխատակարգային որոշմամբ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջվել էր երկօրյա ժամկետում տրամադրել կոնկրետ ժամանակահատվածում Հայաստանի տարածք մուտք գործած և դուրս եկած անձանց թվի վերաբերյալ տեղեկատվություն։ Խոսքը վերաբերում է 18 տարին լրացած և ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ունեցողներին։ Այս տեղեկատվությունը երեկ մուտքագրվել է ՍԴ։
Բացի այդ, մասնակի բավարարվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը, և ԿԸՀ-ից ու ՆԳՆ-ից պահանջվել են փաստաթղթեր ու պարզաբանումներ։ Պարզաբանման կարգով նշեմ, որ տրամադրված տեղեկատվությունը առավելապես գաղտնի գրիֆի ներքո է և, բնականաբար, ենթադրում է, որ այս պահին կողմերին հասանելի չէ։ Այս հարցին կանդրադառնանք ավելի ուշ՝ դատավարության շրջանակում»,- ընդգծել է ՍԴ դատավորը։