Սեդրակ Առաքելյան․ լեգենդար հայ նկարիչը

17 Դեկտեմբերի 2023, 22:55

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրանում է լեգենդար հայ նկարիչ Սեդրակ Առաքելյանի ծննդյան 139-ամյակը:

Սեդրակ Առաքելիչը ծնվել է 1884թ. դեկտեմբերի 17-ին Նախիջևանում:

Գեղանկարչության նկատմամբ հետաքրքրությունն արթնացել է վաղ տարիքում, այդ պատճառով նրա տաղանդի մասնագիտական զարգացման համար Սեդրակին հանձնել են Թիֆլիսում գեղարվեստի խրախուսման Կովկասյան ընկերությանը կից գեղարվեստի դասարան՝ Եղիշե Թադևոսյանի ղեկավարությամբ։

Այնուհետև 1916 թվականին Առաքելյանն ավարտել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը, որտեղ սովորել է Ս. Վ. Իվանովի, Կ. Ա. Կորովինի և Ա. Ե. Արխիպովի մոտ։

1920 թվականին Առաքելյանը վերադարձել է հայրենիք և ամբողջությամբ նվիրվել Հայաստանի մշակութային կյանքին։ Հայրենիքում նա զբաղվել է ստեղծագործական և հասարակական գործունեությամբ։

Սեդրակ Առաքելիչը ստեղծել է կերպարվեստի աշխատողների միությունը, որը դարձել է առաջին գեղարվեստական միավորումը Խորհրդային Հայաստանում:

5 տարի անց այս ընկերությունը միացել է հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի Հայկական մասնաճյուղին։ Հասարակական գործունեությունից բացի, Առաքելյանը դասավանդել է նաև Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում։

Հարկ է նշել, որ Առաքելյանի աշխատանքները ցուցադրվում են Երևանի պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և այլն:

Երևանի Աբովյան փողոցում տեղադրվել է հուշատախտակ՝ ի հիշատակ նշանավոր նկարչի:

Սեդրակ Առաքելիչը կյանքից հեռացել է 1942թ. մարտի 6-ին, և թաղված է Երևանում: