Սերբիայում կայացած ընտրությունները սերբ ժողովրդի մեծ հաղթանակն է․ Ստևան Գայիչ
26 Հոկտեմբերի 2026, 21:30
Սերբ քաղաքագետ, Բելգրադի Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ստևան Գայիչը Alpha News-ին մեկնաբանել է Սերբիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և Ալեքսանդր Վուչիչի իշխանության կորուստը։
Նշենք, որ Սերբիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ուսանողների գլխավորած «Ուսանողական ցուցակ» (Student List) շարժումը:
«Իսկապես, սերբ ժողովուրդը մեծ հաղթանակ տարավ հանցավոր ռեժիմի նկատմամբ, որը զբաղվում էր բացահայտ հանցավոր գործունեությամբ՝ սկսած թմրանյութերի ապօրինի շրջանառությունից մինչև կոռուպցիոն հսկայական նախագծերի միջոցով պետական միջոցների դասական թալանը։ Սակայն դա ամենամեծ չարիքը չէր․ ամենամեծ չարիքը ցինիզմն էր․ նրանք իրենց ներկայացնում էին որպես համակարգ, որպես պետություն, մինչդեռ իրականում, քաղցկեղային ուռուցքի պես, ոչնչացնում էին Սերբիան։ Այս 14 տարին հեշտ չէր», — հայտարարել է քաղաքագետը։
Խոսելով արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ փորձագետն ընդգծել է, որ ուսանողների ծրագրում հստակ ամրագրված է Ռուսաստանի և այլ երկրների դեմ պատժամիջոցներ չկիրառելու դրույթը։
«Ուսանողների ծրագրում ուղղակիորեն գրված է, որ նրանք պատժամիջոցներ չեն կիրառելու ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ որևէ այլ երկրի նկատմամբ, քանի որ մենք ինքներս ենք պատժամիջոցների զոհ դարձել», — նշել է Գայիչը։