Շատ խոստումներ, քիչ հստակություն․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Սյունիքում «Թրամփի երթուղու» մասին
06 Հոկտեմբերի 2026, 20:02
Սյունիքում նախատեսվող հավակնոտ «Թրամփի երթուղի» նախագիծն առայժմ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը մեծապես կրկնում է նախորդ տարիներին Ռուսաստանի մասնակցությամբ մշակված ծրագրերը։ Սակայն մինչ օրս նախագծի առանցքային ցուցանիշներից որևէ մեկը չի հրապարակվել․ չկան տվյալներ ենթակառուցվածքների տեխնիկական պարամետրերի, կառուցման ու շահագործման ժամկետների, ինչպես նաև ակնկալվող բեռնահոսքի վերաբերյալ։
«Թրամփի երթուղու» (TRIPP) ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2025 թվականի օգոստոսին՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։
Նախագիծը նպատակ ունի Հայաստանի տարածքով ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև։ Երկաթուղուց բացի՝ այն նախատեսում է նաև նավթամուղների, գազատարների, էլեկտրահաղորդման գծերի և ինտերնետային մալուխների կառուցում։
Միջանցքի զարգացման կառավարումը նախատեսվում է իրականացնել «TRIPP Development Company» համատեղ ձեռնարկության միջոցով։ Ըստ նախագծի՝ առաջին 49 տարիների ընթացքում ԱՄՆ-ը կստանա ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ՝ 74 տոկոս բաժնեմասը, իսկ Երևանին կհատկացվի 26 տոկոսը՝ հետագայում այն մինչև 49 տոկոս ավելացնելու հնարավորությամբ։