Շախմատային հանճար Տիգրան Պետրոսյան

17 Հունիսի 2025, 22:00

Հայեր

Հունիսի 17-ը հայ լեգենդար շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի ամենաազդեցիկ չեմպիոններից մեկի ծննդյան օրն է:

Պետրոսյանը շախմատային ճանապարհը սկսել է 1940-ականներին՝ հաջողությամբ հանդես գալով համամիութենական պատանեկան առաջնություններում։ Շուտով նա դարձել է Հայաստանի չեմպիոն և ստացել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։ Նրա հաղթական պահը եկել է 1963 թվականին, երբ հաղթել է Միխայիլ Բոտվիննիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Վեց տարի շարունակ Պետրոսյանը պահպանել է տիտղոսը՝ ամրապնդելով իր հեղինակությունը որպես շախմատի անգերազանցելի պաշտպան:

Նրա խաղաոճը տարբերվում էր ռազմավարական խորությամբ։ Պետրոսյանը հմտորեն համատեղում էր գրոհն ու պաշտպանությունը՝ նախընտրելով վերահսկել խաղատախտակը և սահմանափակել մրցակցի հնարավորությունները։ Նա իր մոտեցումը նկարագրել է այսպես. «Շախմատը աղքատ կլիներ, եթե դեն նետվեր պաշտպանության վարպետությունը։ Շախմատում արվեստի իրական գործը ստեղծվում է միայն այն ժամանակ, երբ հարձակմանը հակադրվում է իրական պաշտպանությունը»:

Շատերը խոսել են նրա ակնառու վարպետության մասին: Միխայիլ Բոտվիննիկը՝ նրա գլխավոր մրցակիցներից մեկը նշել է. «Պետրոսյանին առանձնացնում է տարբերակները արագ և լավ հաշվելու ունակությունը»։ Հենց այդ վերլուծական ճշգրտությունն ու ռազմավարական հեռատեսությունն են նրան դարձրել ամենադժվար պարտվող շախմատիստներից մեկը։

Բացի շախմատային տախտակի առջև ունեցած հաջողություններից, Պետրոսյանն ակտիվորեն տարածում էր շախմատը։ Նա աշխատում էր «Շախմատային Մոսկվա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում և հիմնել էր «64» ամսագիրը՝ գիտելիքները փոխանցելով նոր սերնդի խաղացողներին։ Որպես մենթոր՝ նա դասավանդում էր «Սպարտակ» շախմատային ակումբի դպրոցում՝ կրթելով երիտասարդ տաղանդներին։

Շախմատի զարգացման գործում ներդրած ավանդի համար նրա անունն անմահացել է Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանը, ինչպես նաև Ռուսաստանի շախմատային ակումբներում: Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության», «Պատվո նշան» շքանշաններով և «Աշխատանքային արիության համար» մեդալով:

Տիգրան Պետրոսյանը կյանքից հեռացել է 1984 թվականի օգոստոսի 13-ին: Նա թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ իր հետևից անջնջելի հետք թողնելով շախմատի պատմության մեջ։ Նրա անունը որպես մտավոր ուժի և ռազմավարական խորաթափանցության խորհրդանիշ հավերժ կմնա շախմատային աշխարհում:

Հիմա եթերում